Իտալիայի Լացիո շրջանի վարչական դատարանն արգելել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվիանյան մարդը» տեղափոխել Լուվր՝ ցուցադրության նպատակով: Այսպիսով, բավարարվել է «Մեր Իտալիա» ասոցիացիայի խնդրագիրը, որը դեմ էր արտահայտվել ավելի վաղ Իտալիայի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների միջև պայմանավորվածությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրաճանաչ «Վիտրուվիանյան մարդը», որը ստեղծվել է Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի նկարիչներից մեկի կողմից 1490-1492 թվականներին, պահվում է Վենետիկի Ակադեմիայի թանգարանում: Կտավը պետք է ուղարկվեր Փարիզ՝ Լեոնարդոյի մահվան 500-ամյակի կապակցությամբ ցուցադրության: Ցուցահանդեսի բացումը նախատեսված էր հոկտեմբերի 24-ին: Բայց իտալական դատարանի որոշումը կասեցրել է Դա Վինչիի ստեղծագործությունները Լուվրից Ռաֆայելի աշխատանքներով փոխարինելու մասին հուշագիրը: