«Ում ես երաշխավորություն տվել եմ, վստահ եմ, որ չի խոչընդոտելու քննությանը և չի փախչելու երկրից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Հիշեցնենք, որ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Կարեն Համբարձումյանը կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ պաշտոնյայի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել:
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանը, տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: