«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, մեր օրակարգը Երևանի շահերից էր բխում և շարունակում է Երևանի շահերից բխել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:
Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանն ասացին, որ «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, ավելին, նպատակահարմար էլ չենք գտնում «Լուսավոր Հայաստան»-ի հետ որեւէ բան քննարկել. «Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»: Ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքական խնդիր են տեսնում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի շուրջ տեղի ունեցողի առիթով: «Եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե մեզ հետ կապված խնդիր են տեսնում, ազատ են իրենց որոշման մեջ»,- ասաց Անի Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իրենց գործունեությունը քաղաքային խնդիրների շուրջ է, քաղաքական չէ: