2019 տարվա տնտեսումների հաշվին կատարվել է վերաբաշխում ու շուրջ 1մլրդ դրամ հավելյալ գումար հատկացվել ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և նոր պրոեկտներ սկսելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ 2020թ-ին ավելի մեծ հատկացումներ են լինելու, մասնավորապես ավելի քան կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը։
«Մինչև այժմ ռազմաարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը հիմնականում իրականացվել է գիտահետազոտական կոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման տեսանկյունից։ Մենք 2020թ-ի բյուջեում նաև նախատեսել ենք կապիտալ ծախսերի հոդվածներ, ինչը նշանակում է համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ներդրումներ»,-ասաց Արշակյանը։
Նա նշեց, որ 3 ռազմավարություններ են մշակվել՝ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում։
«Հունվարին միջազգային գործընկերների հետ տեղի կունենա ընդլայնված քննարկում, որպեսզի հստակեցնենք՝ առաջիկա տարիներին ուր ենք գնում և ինչ միջոցներով ու տեմպերով»,-ասաց նախարարը։