«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է բավական երկար և մանրամասն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։
«Բոլոր ռեկտորներով նախարարի մոտ շատ երկար քննարկել ենք և արտահայտել ենք մեր մտահոգություններն ու խնդիրները, որից հետո վերջին նախագիծը, որին ծանոթացա, բավական փոփոխություններ եղել են։ Համենայն դեպս այսօրվա վիճակով ինձ համար օրենքը խնդրահարույց չէ»,-ասաց Լիլիթ Արզումանյանը՝ հավելելով, որ անհանգստացնող որևէ կետ չի նկատում։ Նա նշեց՝ ունի հարցականներ, որոնք կլինեն վերջին քննարկման ժամանակ։ ԵԹԿՊ-ի ռեկտորն օրինագծի շուրջ աղմուկն արհեստածին համարեց։
Լիլիթ Արզումանյանը նկատեց՝ օրինագիծը բավական մանրամասն է և երկար։ Այսինքն` բաց տեղեր չի թողնում. «Այսքան խոսակցություն եղավ հայոց լեզվի, հայոց պատմության և գրականության շուրջ, բայց ես կարծում եմ, որ դա բուհի որոշելիք խնդիրն է։ Այնպես չէ, որ ես մտածում եմ՝ դրանք պետք է լինեն կամ պետք է չլինեն, ո՛չ, դա բուհը պետք է որոշի և հենց այդքանով էլ բուհի ինքնուրույնությունը կա»,-հավելեց Լիլիթ Արզումանյանը։