Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Երեկ ահասարսուռ լուր տարածվեց: Պարզվում է, որ Հայաստանում անօրինական եղանակով 101 երեխա է վաճառվել: Նման դեպքերի համար քաղաքական պատասխանատվություն են կրում առաջին հերթին նախորդ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գլխավորությամբ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր այդքան երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել. «Այդ մարդիկ խորին համոզվածություն են ունեցել, որ երբևէ պատասխանատվություն չեն կրելու»:
«Նոր Հայաստանում ոչ միայն այլևս այդպիսի գործողություններ չեն լինելու, այլև քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերին տրվելու են իրավական գնահատականներ: Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որդուց՝ կնոջը կամ փեսային, հետևաբար մի օր գալու էր այդ պատասխան տալու ժամանակը, և այդ օրը եկել է»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Պապոյանի կարծիքով՝ հնարավոր չէր միայնակ այդպիսի գործողություն ձեռնարկել. «Այս ամենը ես նշում եմ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը»:
Մանրամասները՝ տեսանյութում: