Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք»: