Այսօր բնապահպան ակտիվիստներն ու ջերմուկցիները հավաքվել ու պատրաստվում են երթով շարժվել դեպի Ամուլսարի հենակետեր։ Այս գիշեր՝ ժամը 3-ից 4-ի սահմաններում, «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական խմբի անդամներն ապամոնտաժել են ակտիվիստների վագոն-տնակները։ Բնապահպան ակտիվիստների խոսքերով՝ որոշ տնակներ պահնորդական խմբի անդամներն անգամ ջարդել են և իրենցն են տեղադրել այդտեղ։ Ակտիվիստները փաստում են, որ այդ տարածքները «Լիդիան Արմենիա»-ինը չէին, և իրենց վագոն-տնակները գտնվում էին ոչ նրանց տարածքում։
Ի՞նչ եք պատրաստվում անել․ «Առաջին լրատվական»-ի հարցին բնապահպան Լևոն Գալստյանը պատասխանեց․ «Այս ամենն ինքնաբուխ է, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հինգ րոպե հետո։ Ջերմուկի բնակիչները երկու տարուց ավելի է՝ փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները, քանի որ նրանք համաձայն չեն իրենց առողջարանային քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելուն, որն արվել է նախորդ կառավարության օրոք՝ առանց Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը հարցնելու։ Այսօր ջերմուկցիները վերականգնում են իրենց իրավունքները։ Նախ` նրանք դիմեցին նոր կառավարությանը, որպեսզի կառավարությունը կասեցնի այդ գործունեությունը, բայց, քանի որ կառավարությունը չգնաց այդ քայլին, դրա համար ջերմուկցիները որոշեցին այդ ճանապարհով վերականգնել իրենց սահմանադրական ու հիմնարար իրավունքը»։
Մանրամասները՝ տեսանյութում։